ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Ո՛չ տերտեր ենք սպանել, ո՛չ էլ մեկի հացը գողացել»

«Ո՛չ տերտեր ենք սպանել, ո՛չ էլ մեկի հացը գողացել»
27.04.2012 | 00:00

«Ժառանգության» ուղղությամբ մեծածավալ ցեխարձակումները, մի կողմից, ուրախալի են, քանի որ չկա փաստարկված խոսք, ու մնում է միայն հերյուրանքներ ու լուտանքներ հրապարակել»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ, թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ հընթացս նկատելով, թե սա ապացուցում է, որ, ի դեմս «Ժառանգության», լուրջ մրցակից են տեսնում: Այդուհանդերձ, Մարտիրոսյանը համոզված է, որ հասարակությունը շատ լավ հիշում է, թե հինգ տարիների ընթացքում որտեղ էր «Ժառանգությունը», որտեղ՝ մյուս ուժերը: «Մեզ այս տարիներին հաջողվել է ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցել այդ լուրերի կեղծ լինելը: Չնայած առկա բամբասանքներին, կարևոր է, որ ժողովուրդը մեզ վստահում ու հավատում է»,- ընդգծեց բանախոսը:

Ապատեղեկություն տարածելու հաջորդ նպատակն էլ, ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի, իրենցից ձայներ խլելն է, որովհետև «Ժառանգության» իրական ընտրազանգվածը բավականին մեծ է: Նա անդրադարձավ նաև «ամենաթարմ» լուրերին, ըստ որոնց` «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը մարտին մեկնել են Լոնդոն՝ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ փակ բանակցություններ անցկացնելու նպատակով: Հանդիպման շրջանակում, այդ լուրերի համաձայն, Հովհաննիսյանը երաշխիքներ է տվել, որ եթե նախագահական ընտրություններին ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Թուրքիան աջակցեն իրեն, ինքը պայմաններ կստեղծի հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: Թուրք դիվանագետներն էլ երաշխավորել են, որ դրանից հետո տասը տարում Հայաստանի տնտեսության մեջ կներդնեն 5-7 մլրդ դոլար: «Պրոֆեսիոնալ սուտ: Ավելին, Րաֆֆի Հովհաննիսյանը հայ-թուրքական արձանագրությունների հարցում իր դիրքորոշումը չի փոխել: Այդ ժամանակահատվածում երկու քաղաքական գործիչներն էլ Հայաստանից նույնիսկ չեն էլ բացակայել: Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչողները գիտեն, որ նա այդ քայլին չէր գնա: Ինչպե՞ս կարող է հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարողը նման խոստում տալ»,- այդ լուրին այսպես արձագանքեց «Ժառանգության» ներկայացուցիչը: Իսկ Հովհաննիսյանը չի՞ պատրաստվում «պրոֆեսիոնալ ստին» պատասխանելու. այս հարցին Մարտիրոսյանը հակադարձեց. «Ես ասում եմ, որ նման բան չկա, բավարար չէ՞: Կցանկանա՞ք, վաղը Լոռիում Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեք»:

Ինչ վերաբերում է իր ընտրատարածքին ու մամուլում հայտնված տեղեկություններին, Արմեն Մարտիրոսյանն այս ամենը ևս նախորդ «օպերայից» «թխած» հերյուրանքներ ու լուտանքներ որակեց: «Աղվան Հովսեփյանի հետ ոչ մի բարեկամական կամ քավոր-սանիկական կապ չունեմ: Թիվ 6 ընտրատարածքում աշխատում եմ «Ժառանգության» ձայների համար, ոչ թե ՀՀԿ-ի կամ այլ կուսակցության: Ես գնում եմ հաղթելու»,- շեշտեց «Ժառանգության» ներկայացուցիչը՝ հավելելով, որ լուրերը, թե իր ձայները տալու է գլխավոր դատախազի եղբորը, իրականությանը չեն համապատասխանում:

Նախընտրական հանդիպումներին թեկնածուների` զենքով գնալու հանգամանքը ևս չշրջանցվեց: Ակումբի հյուրը վստահեցրեց, որ իր ընտրատարածքում նման բան անձամբ չի տեսել, ու իր հանդիպումները ժողովրդի հետ չեն խոչընդոտվել: «Կոալիցիոն ուժերի հայտնի դեմքերի` զենքով շրջելն արդեն օրինաչափ է, և ոչ մի սենսացիա չկա: Այ, եթե ժառանգականները շրջեին զենք ու զրահով, իսկական սենսացիա կլիներ: Բայց մենք անգամ իշխանություն դառնալուց հետո էլ զենքով չենք շրջի: Ինչպես ասում են՝ ոչ տերտեր ենք սպանել, ոչ էլ մեկի հացը գողացել»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ